«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի սահմանած` դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների: 
Մինչ օրս ունեցել է 4 գլխավոր խմբագիր` 
Էդվարդ Ջրբաշյան (1967-77), 
Հարություն Ֆելեքյան (1978-86), 
Էդվարդ Աղայան (1986-91), 
Հրաչիկ Միրզոյան (1992 թվականից): 
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ում եւ հանրապետության այլ գիտակրթական հաստատություններում կատարվող գիտական աշխատանքները, զգալի տեղ է հատկացվում հայագիտական հարցերին: Հանդեսին աշխատակցում են նաև ՀՀ գիտական հաստատությունների, Սփյուռքի և արտերկրի ճանաչված գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ` 15 մամուլ ծավալով:
2010-2015 թթ. «Բանբերը» լույս է տեսել նույն պարբերականությամբ, բայց մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին` 1. «Հայագիտություն», 2. «Բանասիրություն», 3. «Իրավագիտություն», 4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 5. «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», 6. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Շարքերից յուրաքանչյուրն ուներ նաև տվյալ շարքի խմբագրական խորհուրդ և պատասխանատու խմբագիր:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երեւանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
«Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»` ISSN 1829-4588,
«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»` ISSN 1829-457X,
«Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»` ISSN 1829-4561,
«Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»` ISSN 1829-4553,
«Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»` ISSN 1829-4545,
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»` ISSN 1829-4529:
2015թ. հունվարից, ԵՊՀ խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
Վերափոխումներից հետո հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ՝ գլխավոր խմբագիր Հ. Միրզոյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են մյուս երկու լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:
Հասարակական գիտությունները ներառող պարբերականը, ընդհանուր առմամբ, գիտական լուրջ հեղինակություն ունի համանման հանդեսների շարքում, քանի որ նախքան տպագրության ուղարկելը կատարվում է գրախոսման, խմբագրման, տարբեր աղբյուրների հետ համադրման, սրբագրման մանրակրկիտ աշխատանք: Ըստ այդմ` այն հրապարակումները, որոնք չեն համապատասխանում հանդեսի սահմանած գիտական չափանիշներին ու պահանջներին, տեղ չեն գտնում պարբերականում: