Between Exit, Identification and Protest. The Armenian Genocide in the prose (memoirs) of American Armenian Diaspora and Turkey

  • Tessa Hofmann The Institute for East-European Studies; Free University of Berlin

Abstract

Սույն հոդվածը` «Գրել անասելին. ցեղասպանության մասին արձակը» խորագրով միջազգային գիտաժողովում ընթերցված զեկուցման ընդլայնված տարբերակն է: 2013 թ. հոկտեմբերի 11-ից 13-ը տեղի ունեցած այդ միջոցառումը, որը կազմակերպել էին «Ճանաչում. ընդդեմ ցեղասպանության, հանուն ժողովուրդների փոխըմբռնման» կազմակերպությունը, Գերմանա-հայկական ընկերությունը և Բեռլինի ավետարանական ակադեմիան, բովանդակում էր համեմատական օրինակներ ամերիկյան, գերմանական, լեհական, հայկական, հունական և թուրքական գրականությունից: Գիտաժողովը միավորում էր գերմանացի, ինչպես նաև ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից և Հայաստանից ժամանած գրականագետների, հեղինակների և գրականությամբ հետաքրքրվող այլ անձանց: Միջոցառման բարձրակետը դարձավ քնարերգու, գրականագետ և ցեղասպանագետ դոկտոր Պետեր Բալաքյանի (Նյու Յորք), ինչպես նաև փաստաբան ու մարդու իրավունքների մասնագետ Ֆեթիե Կետինի (Ստամբուլ) համատեղ հեղինակային ընթերցումը, որոնք ներկայացնում էին իրենց տատիկների ճակատագրերը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում թուրքական, ինչպես նաև ԱՄՆ-ի հայկական սփյուռքում անգլերեն լույս տեսած արձակին: Թե´ թուրքական և թե´ ամերիկահայ գրականությունները միայն 1980-ական թվականներից են հետաքրքրվում Օսմանյան պետությունում հայ ազգաբնակչության բնաջնջման խնդրով: Հոդվածի առաջին հատվածում («Զոհերի տևական լռությունը») նախ և առաջ լուսաբանվում են հայկական կողմի լռության բազմածալ հիմքերը: Երկրորդ հատվածում նկարագրվում է Թուրքիայում տաբուի վերացումը հետցեղասպանական երրորդ սերնդի` թե´ հայկական ծագում ունեցող և թե´ թուրքական էթնոսին պատկանող հեղինակների կողմից: Երրորդ և վեցերորդ հատվածներում («Տաբուի սյուրռեալիստական փշրումը», «Փաստերի և հերյուրանքների միջև») քննական վերլուծության են ենթարկվում թուրքական, ինչպես և ամերիկահայ արձակում այդ նպատակով օգտագործված գրական հնարքները, ներառյալ հեռացումն ավանդական ռեալիզմից (օրինակ, Այլա Կութլուի, Սերդար Քանի, Դոգհան Աքհանլիի, Էդգար Հիլզենռաթի, Միխելինե Մարկոմ Ահարոնյանի գործերում): Ընդ որում, անասելիի մասին տեղեկացնելու համար հեղինակները դիմել են հատկապես ժողովրդական հեքիաթների պատմողական հնարքներին` իբրև նպատակահարմար միջոցների: Չորրորդ և հինգերորդ հատվածներում («Թոռների դժվարին ելքը», «Ընտանիքը որպես հարկադիր միություն») ներկայացվում են թուրքական հիշողությանը վերաբերող արձակի հնարավորություններն ու սահմանները Ֆեթիե Կետինի «Անեանեմ» վերնագրով լույս տեսած և մեծ ուշադրության արժանացած փաստատեղեկատուի հիման վրա: Դրա հակակշիռը եզրափակիչ հատվածում քննական լուսաբանման ենթարկված Մ. Մարկոմ Ահարոնյանի վիպական եռագրությունն է («Երկնքից վայր ընկան երեք խնձոր», «Երազող տղան», «Ծովի ցամաքեցում») և հեքիաթակերպ պատմվող առանձին կենսագրությունների նկարագրությունից դրա վերաճումը ցեղասպանության հոգեխեղիչ, սերունդներ շարունակ երկարաձգվող հետևանքների խորքային ուսումնասիրության:

Author Biography

Tessa Hofmann, The Institute for East-European Studies; Free University of Berlin

Research Worker of the Institute for East-European Studies, Free University of Berlin, Doctor of Philosophy, Philology and Sociology (hofmannt@zedat.fu-berlin.ru)

Published
2013-11-28